Գեղարվեստի ակադեմիայում գեղանկարչություն ուսանող Սեդա Ղարիբյանը պատմում է՝ կարանտինի շրջանում ստեղծագործել են տանը, իսկ դասերն անցկացրել տեսազանգերի միջոցով․ պարբերաբար նկարել ու հեռավար դասերի ընթացքում ներկայացրել են իրենց աշխատանքները դասախոսներին։ Վերջիններս օգնել են ուսանողներին իրենց խորհուրդներով։
Սեդայի կարծիքով հեռավար կրթությունը երբեք չի կարող փոխարինել իրական շփմանը և արվեստանոցային միջավայրին։
Գեղարվեստի ակադեմիայում դեկորատիվ կիրառական արվեստ ուսանող Լիլիթ Գուլիկյանի համար էլ ժամանակը կարծես կանգ էր առել կարանտինի օրերին։ Տանը կավով աշխատելու ոչ մի հարմարություն չկար, իսկ օնլայն դասերի ընթացքում կարող էր միայն էսքիզները ներկայացնել։
Լիլիթը կարծում է՝ ավելի գերադասելի է օնլայն դասեր անել դասախոսությունների և պատմության դասերի դեպքում։ Իսկ կերամիկայի մասնագետ դառնալու համար շատ փորձ է անհրաժեշտ, ինչը հնարավոր է միայն իրական շփման միջոցով։
Դեկորատիվ կիրառական արվեստի մեկ այլ ուսանող՝ Հասմիկ Հովհաննիսյանը, կարանտինի շրջանում պատրաստվում էր քոլեջի ավարտական և Գեղարվեստի ակադեմիա ընդունելության քննություններին։ Ինչպես ինքն է նշում, կորոնավիրուսը բոլոր պլանները փոխեց․ քննությունների համար ստիպված էր աշխատել սահմանված նոր կանոններին համապատասխան։
Հասմիկն այդպես էլ չի կարողացել հարմարվել հեռավար կրթությանը թե՛ ավարտական աշխատանքը պատրաստելիս, թե՛ առաջին կուրսում՝ արդեն համալսարանում ուսանելիս։
Հեռավար կրթությունը քաոսի է բերում, կարծում է Գեղարվեստի ակադեմիայում վիտրաժի ապակու գեղարվեստական ձևավորում դասավանդող Արսեն Պողոսյանը։ Համացանցով հնարավոր չէ ապակի կտրել, ինչը իր դասերի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում։
Արսենը նաև պնդում է՝ ուսանող- դասախոս շփումը չի կարող լինել հեռավար, քանի որ այդպիսով ուսուցումն անարդյունավետ է։ Բացի այդ՝ այն պատասխանատու գործը, որը տրված է դասախոսին, իր կարծիքով, հնարավոր չէ անել հեռավար ուսուցման միջոցով։