top of page
Intro 2.jpg
Սյուզի Դադյան

Սյուզի Դադյանը սովորում էր Թատերական ինստիտուտի առաջին կուրսում՝ դերասանական արվեստի բաժնում, երբ երկրում կարանտին հայտարարվեց։ Սկզբնական շրջանում ուսանողները կարծում էին՝ հեռավար դասերը մեկ շաբաթից ավել չեն տևի։ Սակայն, ի վերջո, տեղեկացան կիսամյակային քննությունները հեռավար անցկացնելու մասին։ 

Սյուզին պատմում է, որ մի շարք դասախոսներ արագ կողմնորոշվել են ու հետաքրքիր հանձնարարություններ տվել, ֆիլմերի, գրքերի օնլայն քննարկումներ կազմակերպել․ արդյունքում ուսանողները չեն հասցրել ձանձրանալ անգամ տեսազանգերի ժամանակ։ Ինքն անձամբ կարանտինի ընթացքում սովորել է աշխատել տեսախցիկի հետ (դասերի ժամանակ դերերը տեսանկարահանել են), ինչն օգնել է ազատվել վախերից և կոմպլեքսներից։

Սյուզին կարծում է՝ ավելի ցածր կուրսերի համար հեռավար կերպով դասերի կազմակերպումը բավական հետաքրքիր աշխատանք էր։ Այնուամենայնիվ, դերասանի ձևավորման և կայացման գործում իր կարևոր դերն ունի խաղընկերոջ հետ իրական շփումը։  

Ցանկանալով առավել մանրամասն ուսումնասիրել թատերարվեստի նրբությունները՝ Անժելա Պողոսյանը Թատերական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում մեկ տարի սովորելուց հետո որոշեց նորից պատրաստվել ընդունելության քննություններին և այս անգամ արդեն սիրելի և ծանոթ բուհ հաճախել՝ որպես ռեժիսուրայի բաժնի ուսանող։

 

Քննություններին պատրաստվելու շրջանը համընկավ հայտարարված կարանտինի հետ։ Սովորական էր դարձել տանը միայնակ՝ առանց դասախոսի պատրաստվելը, ինչը, ինչպես ինքն է նշում, բարդացնում էր աշխատանքը։

Անժելա Պողոսյան

Դասերը տեսազանգի միջոցով էին անցկացնում, ինչին Անժելան չէր կարողանում հարմարվել։ Կարծում է՝ դասախոսի հետ աշխատելիս միմյանց փոխանցվող էներգետիկան, աչքերի կոնտակտը շատ կարևոր են մանավանդ արվեստի կրթությունը կազմակերպելիս։ 

Դավիթ Աբրահամյանը Թատերական ինստիտուտում պատրաստվում էր իր ներկայացման պրեմիերային, երբ երկրում հայտարարվեց արտակարգ իրավիճակ, և փակվեցին բոլոր ուսումնական հաստատությունները։ Այս ամենին զուգահեռ՝ նա դերասանական արվեստի բաժնի ավարտական կուրսի ուսանող էր։

 

Բարեբախտաբար, ինքը հասցրել էր մինչև կարանտինի հայտարարումը հանձնաժողովի առջև խաղալ իր ավարտական ներկայացումներից մեկը։ Սակայն, ինչպես ինքն է նշում, կային ուսանողներ, որոնք այդպես էլ հնարավորություն չունեցան բեմում խաղալու։ Ռեժիսուրայի ուսանողներն էլ չկարողացան իրենց ներկայացումները ցուցադրել։ Փոխարենը, քննությանը պատմում էին՝ ինչպես էին պատրաստվում բեմադրել դրանք։ 

Կարանտինի առաջին յոթ օրերը Դավիթի համար գերհոգնածությունից ազատվելու, գրքեր ընթերցելու և ֆիլմեր դիտելու օրեր էին։ Սակայն հետո ֆիզիկական շփման բացակայությունն ու ինքնամեկուսացումը սկսեցին բացասական ազդեցություն ունենալ դերասանի վրա․ տանը՝ չորս պատերի մեջ, ստեղծագործելու հնարավորություն չկար։ 

 

Դավիթը բացառում է դերասանների աշխատանքը՝ բժշկական դիմակներով։ Ինքն էլ դեմ է գնացել սահմանված կանոններին՝ հենց ներկայացման ժամանակ՝ երգելու ընթացքում, հանելով իր դիմակը։  

Դավիթ Աբրահամյան

Թատերական ինստիտուտի դասախոս Գալուստ Ներսիսյանը կարանտինի օրերին մշակեց դասապրոցեսն իրականցնելու սեփական մեթոդը, որը կատարվում էր տեսազանգերի միջոցով, որպեսզի ուսանողները կարողանային տնային պայմաններում կատարել տրված առաջադրանքները։ Բայց, դասախոսի կարծիքով, ոլորտը հիմնված է պրակտիկ աշխատանքի վրա, ուստի օնլայն կրթությունը լիարժեք չի կարող տալ այն կրթությունը, որը պետք է ստանա թատերարվեստ ուսումնասիրող յուրաքանչյուր ուսանող։ 

 

Չնայած դժվարություններին, Գալուստը կարծում է, որ կարանտինն ուներ իր դրական կողմերը։ Օգտվելով առիթից, դասախոսն աշխատեց թե՛ իր, թե՛ ուսանողների տեսական գիտելիքներն ավելացնելու վրա։ Բացի այդ՝ համաշխարհային թատրոնները սկսեցին օնլայն հրապարակել իրենց լավագույն ներկայացումները, և ուսանողները դրանք տեսնելու բացառիկ հնարավորություն ունեցան։

Գալուստ Ներսիսյան
bottom of page