Ընդամենը կես տարի էր Հռիփսիմե Մշեցյանը հաճախում սաքսոֆոնի դասերի, երբ երկրում կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտարարվեց կարանտին։ Դեռ չէր հասցրել շատ բան սովորել և չէր պատկերացնում, որ ամեն ինչ այնքան կբարդանա, որ երաժշտական դպրոցը կփակվի։ Ուսուցիչը ստիպված էր տեսազանգերի միջոցով հեռավար աշխատել նրա հետ։
Բարդ էր, քանի որ տանը դժվարությամբ էր կենտրոնանում․ ընտանիքի անդամների աղմուկը, ինչպես նաև տեխնիկական խնդիրները անհարմարություներ էին առաջացնում:
Հռիփսիմեն կարծում է, որ կարող էր շատ ավելի մեծ աճ գրանցել վերջին մեկ տարվա ընթացքում, եթե չլիներ հեռավար ուսուցումը։ Շատ դժվար էր համակերպվել անընդհատ տանը մնալուն։ Այնուամենայնիվ, վստահ է, հաջողության հասնելու համար պետք է չընկճվել և պարտաճանաչ պարապել։
Երաժշտական քոլեջի ուսանող Ստեփան Խեքոյանի համար անցումը հեռավար դասերի սկզբում հետաքրքիր էր, հետո՝ խնդիրներով լի։ Տրոմբոնից բացի ուսանում էր այնպիսի առարկաներ (դաշնամուր, սոլֆեջիո, դիրիժորություն), որոնց ուսուցումը հնարավոր չէր լիարժեք իրականացնել տեսազանգերի միջոցով։
Հետագայում քոլեջ վերադարձը անսովորության զգացում առաջացրեց Ստեփանի մոտ։ Սակայն, ինչպես ինքն է պնդում, վիրտուալ իրականությունից անցումը իրական շփման տրոմբոնի դասերը դարձրեց ավելի հաճելի և պրոդուկտիվ։
Ստեփանի կարծիքով Քովիդ-19-ի հանգեցրած կամ նման այլ իրավիճակներում ինքնուսուցումն ու ինքնազարգացումը շատ կարևոր դեր ունեն։ Պետք չէ հրաժարվել սեփական երազանքներից՝ կախված հանգամանքներից։ Երբ ժամանակն անսպասելին է մատուցում, անհրաժեշտ է հարմարվել ու նոր ուղիներ գտնել՝ երազանքներին հասնելու համար։
Կարանտինի հայտարարման սկզբնական շրջանում վոկալի և սոլֆեջիոյի ուսուցչուհի, երգչախմբի խմբավար Հասմիկ Ջուլֆալակյանի համար սարսափելի անսովոր էր․ երկար տարիների փորձ ունենալով հանդերձ՝ ընդհարապես չէր պատկերացնում, թե երաժշտության ասպարեզում ինչպես պետք է հեռավար ուսուցումը կազմակերպեն։ Ուսուցման այդ տարբերակը համարում էր անարդյունավետ, քանի որ նրա կարծիքով երաժշտության ասպարեզում ուսուցման նախնական էտապում՝ երաժշտական դպրոցում, երեխաները դեռ չունեն մասնագիտական բավարար փորձ։ Այնուամենայնիվ, փորձեցին աշխատանքը կազմակերպելու տարբեր ուղիներ գտնել։
Ամենամեծ խնդիրը կապված էր համացանցի կապի հետ, քանի որ զանգերի ժամանակ ձայնը որակական առումով փոխվում էր և ուշ էր հասնում ունկնդրին՝ առաջացնելով խառնաշփոթություն։ Վոկալի դասերի դեպքում Հասմիկը աշխատում էր աշակերտների ձայնի տեմբրի վրա, ինչը հնարավոր չէր անել հեռավար ուսուցման ժամանակ։
Երգչախմբի դասերի դեպքում ընդհանրապես հնարավոր չէր միասնական հեռավար դասեր կազմակերպել։ Անհրաժեշտ էր յուրաքանչյուր աշակերտի հետ առանձին-առանձին պարապել, ինչի արդյունքում տուժում էր անսամբլային զգացողությունը, հարմոնիկ լսողության զգացողությունը։ Այդպիսով, երգչախումբը, որպես կենդանի, մարդկային շփումը ապահովող կոլեկտիվ, դադարում էր գործել։
Սոլֆեջիոյի տեսական մասը հնարավոր էր թելադրել, սակայն թելադրություն գրելը և ակորդներ լսելը խնդիր էր, որովհետև համացանցի միջոցով հնարավոր չէր ամբողջությամբ հաղորդել պահանջվող ձայնային որակը։
«Երբ գալիս է անհրաժեշտությունը, ծնվում է նաև միջոցը,» - կարծում է «Նաիրյան» վոկալ անսամբլի խմբավար Նաիրա Մուղդուսյանը։ Վերջինս պատմում է, որ անսամբլի անդամները մոտ երկու ամիս ստիպված էին իրենց փորձերը կազմակերպել հեռավար կերպով, ինչը նոր մարտահրավեր էր ոչ միայն երիտասարադական խմբի, այլև «Մուղդուսյան արվեստի կենտրոն» հաճախող մյուս պատանի երաժիշտների հետ աշխատելիս։ Արդյունքում առաջին հերթին տուժում էր մարդկային շփումը․ առանց միասին փորձելու հնարավոր չէր պահպանել կոնցերտային տրամադրությունը և կատարողական արվեստում կարևոր տեղ գրավող երաժշտական որակը։
Երբ սահմանափակումները մեղմացվեցին, երիտասարդական ամսամբլի անդամները վերադարձան արվեստի կենտրոն և արդեն երկու շաբաթ անց կազմակերպեցին առաջին հեռավար համերգը։
Նաիրայի համար ցավալի փաստ էր այն, որ մենահամերգները կազմակերպվում էին օնլայն հարթակում՝ առանց կենդանի հանդիսատեսի․ չկար երաժիշտ/արտիստ - հանդիսատես շփումը։ Արդյունքում անսամբլի անդամները ամբողջովին սպառվում էին՝ չստանալով ունկնդրի պատասխան էներգիան, ինչը հնարավոր էր միայն կենդանի շփման արդյունքում։